«Ռուսաստանի խորքին ամերիկյան հրթիռներով հարվածելու թույլտվությունն անխուսափելիորեն կհանգեցնի լրջագույն թեժացման, որը սպառնում է վերածվելու անհամեմատ ավելի լուրջ հետևանքի»,- ասել է Պետդումայի միջազգային գործերի կոմիտեի ղեկավար Լեոնիդ Սլուցկին։ Մեկ այլ ռուս պաշտոնյայի դիտարկմամբ՝ այդ թույլտվությունն աննախադեպ քայլ է, որը տանում է դեպի երրորդ համաշխարհային պատերազմ, սակայն Ռուսաստանի պատասխանը կլինի անհապաղ։               
 

«Մարդկային հարաբերությունների» կերպարվեստը

«Մարդկային հարաբերությունների» կերպարվեստը
05.05.2009 | 00:00

«ԷԿՈԼՈԳԻԱՊԵՍ ՄԱՔՈՒՐ» ՈՒ ԶԵՐԾ ԽԱՐԴԱՎԱՆՔՆԵՐԻՑ
ՀՀ նկարիչների միության նախագահ, Երևանի գեղարվեստի ակադեմիայի պրոֆեսոր, դիզայներ, գեղանկարիչ ԿԱՐԵՆ ԱՂԱՄՅԱՆԸ, ում աշխատանքները ցուցադրվել են աշխարհի շատ երկրներում, չորրորդ՝ «Մարդկային հարաբերություններ» խորագիրը կրող անհատական ցուցահանդեսով ներկայանում է հայաստանցի արվեստասերներին՝ իր իսկ ջանքերով վերանորոգված ու գեղեցկացած ՀՆՄ ցուցասրահում:
Ցուցահանդեսի բացման մեկնարկն ազդարարող գեղարվեստի ակադեմիայի ռեկտոր, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Արամ Իսաբեկյանը, արվեստաբան Սարո Սարուխանյանն իրենց ելույթներում ընդգծեցին Կարեն Աղամյանի ոչ միայն ստեղծագործական, այլև մարդկային բարձր հատկանիշները: «Եթե մարդն աշխատասեր է, կարողանում է իր ժամերը ճիշտ բաժանել, ամեն ինչ էլ հասցնում է: Այդպիսին է Կարեն Աղամյանը: Փա՜ռք նրան, որ, լինելով բազմազբաղ մարդ, կարողանում է աշխատել և ուրախացնել իր արվեստի երկրպագուներին»,- նկատեց Ա. Իսաբեկյանը:
«Կարեն Աղամյանը շատ խստապահանջ է իր նկատմամբ և մեծ պատասխանատվություն ունի արվեստասերների, իր արվեստագետ ընկերների հանդեպ,- նշեց Ս. Սարուխանյանը։- Մենք իսկապես սպասում ենք նրա յուրաքանչյուր ցուցադրությանը, որովհետև Կարեն Աղամյան արվեստագետը բան ունի ասելու։ Այս նկարների միջոցով նա մեզ է ներկայացնում ու մեզ է ներկայանում: Բորխեսն ասում է, թե ամեն մի արվեստագետի գործը, ի վերջո, իր դիմանկարն է: Այսօր Կարեն Աղամյանը ներկայանում է իր դիմանկարով, այնպիսին, ինչպիսին որ կա՝ մեզ համար շատ թանկ ու սիրելի»:
Նկարիչների միության ցուցասրահն աննախադեպ մարդաշատ էր: Կարեն Աղամյանի արվեստն անտարբեր չէր թողել ոչ միայն արվեստասերներին ու արվեստագետներին, այլև հանրապետության քաղաքական, հոգևոր, մարզական աշխարհի կարկառուն դեմքերին: ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն անձամբ էր եկել շնորհավորելու նկարչին: Այդ պատճառով, լրագրողներս դժվարությամբ էինք կարողանում ուշադրության փշրանքներ կորզել օրվա հերոսից ու բացահայտել անհատական ցուցահանդեսի առթիվ նրա անհատական ապրումները: Հյուրերի՝ պարոն Աղամյանին մեզանից խլելու բարեհաջող փորձերի արդյունքում հնարավոր եղավ նրա հետ փոխանակել մեկ-երկու կցկտուր բառ միայն: Փոխարենը՝ արտահայտվելու մեծ պատրաստակամություն ու ցանկություն ունեին ցուցահանդեսի հրավիրյալները:
ՀՀ ժողովրդական նկարիչ Հակոբ Հակոբյանը դրվատանքով խոսեց Կարեն Աղամյանի աշխատասիրության մասին, ցուցահանդեսը բնորոշեց որպես մշակութային կարևոր իրադարձություն, հետաքրքիր, օրիգինալ, անակնկալ ցուցահադես, որի մեջ «տարօրինակ բան կա, որն արժանիք է»:
«Իր ոճով, իր երանգապնակով, իր աշխարհընկալումով Կարեն Աղամյանը զանազանվում է հայկական կերպարվեստի մասին մեր ունեցած որոշակի պատկերացումներից: Հավանաբար պատճառն այն է, որ նա իր մեջ դիզայների տարերքն է կրում, որն էլ արտահայտվում է կտավներում: Եվ դա ոչ թե թերություն է, այլ առավելություն: Դրանից նրա աշխարհընկալումը դառնում է ավելի առարկայական, ավելի շոշափելի: Գույներն էլ, թեև վառ արտահայտված չեն, բայց բավական ինքնատիպ են իրենց անցումներով և շեղվում են կարծրատիպ դարձած մեր պատկերացումներից»,- ասում է գրականագետ, թարգմանիչ, դրամատուրգ Ալեքսանդր Թոփչյանը:
«Կարենը (ռուսերեն բառով ասեմ) ինտելիգենտ մարդ է, որի նմանն այսօր քիչ է հանդիպում,- բնութագրում է արվեստաբան Կարեն Միքայելյանը:- Զուսպ, մտածող, ոչ կռվարար, աշխատասեր, կարգին մարդ է: Նկարիչների միության այս նոր դահլիճները ասվածի վկայություններն են: Գուցե շատերի համար նրա արածը հասկանալի չէ, բայց դա մեծ ռիսկի հետ կապված հարց էր, և Կարեն Աղամյանը գնաց այդ ռիսկին, ու մենք ունեցանք նկարիչների միության այս շքեղ շենքը: Օպոզիցիոներներն այս ամենի մեջ ինչ-որ կեղտոտ բաներ են փնտրում, բայց դա հիմարություն է առնվազն: Ինչ վերաբերում է այսօրվա ցուցահանդեսին, իհարկե, փառահեղ ցուցահանդես է, յուրատիպ: Սրա նման ցուցահանդես չկա, ինչպես չկա Կարենի նման նկարիչ: Նա գեղանկարիչ չէ, դիզայնի, արդյունաբերական գրաֆիկայի մասնագետ է: Բայց մի օր սկսեց նկարել: Եվ օր օրի ավելի հաջողվեց նրա այդ աշխատանքը: Նրա նկարչության մեջ դիզայնի, արդյունաբերական գրաֆիկայի նշույլները երևում են, և դա հետաքրքիր է: Չէի ասի, թե նրա գործերը ռեբուսներ են, բայց ամեն մի գործ մտածելու առիթ է տալիս: Ամեն մի աշխատանքի առաջ ուշադիր հանդիսատեսը կարող է կանգնել և մտածել: Անշուշտ, կան որոշակի ճաշակի տեր հանդիսատեսներ, արվեստագետներ, որոնց այս նկարչությունը դուր չի գալիս: Բայց բոլորը չեն կարող լինել Սարյանի, Մինասի կամ Հակոբ Հակոբյանի նման: Կարենը յուրատիպ է, և մի քանի արվեստների համադրությունը նրա մեջ տվել է շատ հետաքրքիր արդյունք: Էլ չեմ խոսում այն մասին, որ Կարենին հաջողվում է բազմազան և ոչ միշտ հաճելի գործերի արանքում կարողանալ նկարել ու միշտ նոր բան մտցնել իր նկարներում»:
«Այս ցուցահանդեսը նկարչի կատարած աշխատանքների յուրատեսակ հանրագումարն է, հաշվետվությունը,-
կարծում է արվեստաբան Լևոն Չուգասզյանը:- Այն, ինչ երկար ժամանակ մնում է արվեստանոցի պատերից ներս, անհրաժեշտ է մի օր հանել, ցուցադրել, որպեսզի մարդիկ պատկերացում կազմեն նկարչի ստեղծագործության մասին: Մեզ համար յուրաքանչյուր ցուցահանդես մշակութային մեծ երևույթ է, որովհետև ի մի է բերում մտավորականությանը: Մտավորականությունը դառնում է որոշակի ամբողջություն և գալիս մի ընդհանուր տոնի: Մեզանում քիչ են մշակութային տոնի, գեղեցիկը վերապրելու, մեր ժամանակակցի նվաճումներով հիանալու առիթները: Թեև թե՛ նկարիչների միությունը, թե՛ ազգային պատկերասրահը, թե՛ առանձին ցուցասրահները մեզ երբեմն-երբեմն ընձեռում են նման հնարավորություններ, բայց ընդհանուր աղմուկը, շեղումները, մեր մշակույթի հետ կապ չունեցող օտարածին տարրերը, մեզ մեր տան մեջ խորթ դարձնող երևույթներն այնքան շատ են, որ մեր հասարակությունը շփոթված է իր իսկ միջավայրում: Դրա համար էլ առանձնապես ուրախալի է, որ մենք տեսնում ենք այսօր մեր կողքին ապրող, ստեղծագործող մարդու աշխատանքը, իմանում, որ լավ նկարիչները շարունակում են իրենց գործը, դիմադրում կյանքի դժվարություններին, լարվածություններին: Կարեն Աղամյանի ցուցահանդեսը մեր կյանքի մասին է: Այն ցույց է տալիս, թե ինչպես է մեր ժամանակակիցը տեսնում աշխարհը, ինչն է նրան հուզում, ինչ է նա երազում, ինչի հետ են կապված նրա ամենօրյա հոգսերը: Այս ամենը նրա հոգու արձագանքներն են, որոնք չպետք է մնան արվեստանոցի պատերի մեջ փակված: Մենք էլ պիտի կարողանանք զգալ արվեստագետի զգացածն ու արտահայտածը»:
Արվեստասերները Կարեն Աղամյանի ցուցահանդեսը դիտելու հնարավորություն կունենան մինչև մայիսի 17-ը: Անշուշտ, ՀՆՄ ցուցասրահի յուրաքանչյուր այցելու յուրովի կընկալի ու կարժևորի ներկայացված աշխատանքները: Իսկ ես՝ որպես մեկն այցելուներից, հավատացնում եմ, որ Կարեն Աղամյանի կտավները մարդկանց ընձեռում են հիանալու, խորհելու, զարմանալու, համաձայնելու ու նաև՝ չհասկանալու, հակադրվելու առիթ: Եվ այդուհանդերձ, մթնոլորտը նկարչի ստեղծագործական ներաշխարհում «էկոլոգիապես մաքուր» է ու զերծ խարդավանքներից:
Կարինե ՌԱՖԱՅԵԼՅԱՆ

Դիտվել է՝ 4953

Մեկնաբանություններ